ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Արվեստագետն ինքն էլ է, ի վերջո, դառնում մշակութային արժեք»

«Արվեստագետն ինքն էլ է, ի վերջո, դառնում մշակութային արժեք»
01.09.2009 | 00:00

ԱՐՄԱՆ ՄԱՆԱՐՅԱՆ-80
Ինքներս մեզ ճանաչելու փորձերը հաճախ են մեզ բերում-մերձեցնում ազգային մշակույթի մատույցներին: Երբեմն դաժան ու սարսռեցնող են լինում ինքնաճանաչումի վավերագրերը: Երբեմն էլ, չնայած իրականության մռայլ համապատկերի անպաճույճ մատուցման, այնքա՜ն դյուրին ու անճիգ է լինում մշակութային բարձրարժեք փաստի ընկալումը, ինչպես դա պատահում է կինոռեժիսոր Արման Մանարյանի ֆիլմերը դիտելիս: Մի քանի սերունդ է կրթվել ու դաստիարակվել այդ ֆիլմերով: Կարճամետրաժ, լիամետրաժ, վավերագրական, մուլտիպլիկացիոն ֆիլմերի մի բազմաշերտ աշխարհ է հորինել մեզ համար ութսունամյա ռեժիսորը, ուր կողք կողքի երևակված են իրականությունն ու հեքիաթը, կոպտությունն ու հեզությունը, ամբարտավանությունն ու երկյուղածությունը, երեսպաշտությունն ու արժանապատվությունը, տիեզերականն ու հողեղենը, կորուսյալն ու բաղձալին: Արման Մանարյանի կինոպատումը սկիզբ է առել 1961 թվականին՝ «Տժվժիկ» կարճամետրաժ կինոնկարով: Առաջին գործը մարդկային արժանապատվության գերակայության պատգամն էր բերում՝ ի հեճուկս կարիքի ու չքավորության ստորացնող ախտի: Տարիներ անց՝ 1967-ին, էկրան բարձրացավ հայկական առաջին մյուզիքլը՝ «Կարինեն»՝ Տիգրան Չուխաջյանի երաժշտությամբ, որ ի ցույց էր դնում հայ տոհմիկ արիստոկրատիայի հմայքն ու փայլը, ինչպես և աշխատավոր խավի անկոտրում ես-ի, անխորտակ հպարտության զավեշտական, բայց և դրվատելի դրսևորումները: «Կարինե» ֆիլմը դիտելով՝ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը նախ զարմանքով է ընդունել այն փաստը, որ սա երիտասարդ ռեժիսորի դիպլոմային աշխատանք է, նրա առաջին լիամետրաժ ֆիլմը, ապա նկատել, որ «Կարինեն» հետաքրքրաշարժ, թեթև, ճկուն ֆիլմ է՝ դերասանական լավ կազմով, և չի զիջում արտասահմանյան լավագույն երաժշտական ֆիլմերին: Իսկ Վիլյամ Սարոյանը, դիտելով «Տժվժիկը» և «Կարինեն», Արման Մանարյանի նկարի վրա մակագրել է. «Նայեցի և հիացա»:
Ապա «Հեղնար աղբյուրի» ժամանակն էր (1971)՝ ավանդույթի թելադրած կաղապարումների ու արդի հեղաբեկումների, անբարոյի ու բարոյականի բախման մարդկային վայրիվերումներով:
Հետո կյանքի հարափոփոխ ընթացքը նոր խնդիրներ առաջադրեց դասականն ու այսօրեականն իր կինոհայացքում միաձուլող արվեստագետին: Էկրան բարձրացան «Վերադարձը» (1973), «Սպիտակ ափերը» (1976), «Կապիտան Առաքելը» (1986), մեր ազգային զարթոնքի յուրօրինակ նախերգանքը՝ «Արցախ E=mc2»-ն (1988), «Ընկեր Փանջունին» (1992): Ի դեպ, վերջինում և 1970-ին նկարահանված «Մորգանի խնամին» ֆիլմում փոխլրացվում են անհատ-հասարակարգ-կապիտալ կատեգորիաների տրագիկոմիկական խաչաձևումները:
Իսկ այն, ինչ հնարավոր չէր ասել մեծահասակների լսարանին, կինոռեժիսորն ասաց մուլտիպլիկացիայի լեզվով՝ այստեղ ևս գտնելով դեպի համապատասխան հանդիսատեսը տանող ուղիներ: «Հեքիաթ հայելու մասին» (1982), «Տգետը» (1995) մուլտիպլիկացիոն ֆիլմերն Արման Մանարյանին դարձրել են սիրելի ու ճանաչված նաև մանուկների շրջանում: Իսկ առավել լավատեղյակները գիտեն, որ իրենց սպասում է ևս մի մուլտ-անակնկալ. խոսքն առայժմ անավարտ «Սասունցի Դավիթ» մուլտիպլիկացիոն ֆիլմի մասին է, որի վրա ռեժիսորն աշխատում է վերջին շրջանում:
Մեզ հետ զրույցի ընթացքում վաստակաշատ արվեստագետի ստեղծած կինոարժեքների համապարփակ գնահատականն է տալիս գրող, կինոգետ, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, որը երկար տարիներ աշխատել է Արման Մանարյանի հետ «Հայֆիլմ» կինոստուդիայում: «Հազվադեպ է պատահում,- ասում է պարոն Մուրադյանը,- որ կինոռեժիսորի առաջին ֆիլմը դառնում է դասական արժեք բոլոր ժամանակների համար: Արման Մանարյանն այդ ռեժիսորներից է. նրա «Տժվժիկը» միանգամից դարձավ համաժողովրդական ֆիլմ: Եվ թեպետ կինոն այն արվեստն է, որ մի քիչ արագ է հնանում, բայց նույնիսկ այսօր դիտելով այդ կարճամետրաժը՝ մենք տեսնում ենք, որ նրա լեզուն շարունակում է մնալ նոր: Գուցե այդ շռնդալից հաջողությունն ինչ-որ ստվեր նետեց հետագա աշխատանքների վրա: Որովհետև այնպիսի բացառիկ որակ էր, որ Արման Մանարյանի համար դժվար եղավ հետագայում ինքն իր հետ մրցելը: Բայց այդ մրցությունից նա պատվով դուրս եկավ: «Տժվժիկ» ֆիլմի տրամաբանական շարունակությունը եղավ «Կարինեն»՝ թեպետ բոլորովին այլ ժանրի մեջ՝ մյուզիքլում (մենք հիմա է, որ գիտենք այդ ժանրային բնորոշումը, այն ժամանակ շատ նեղ շրջանակում էր հայտնի այդ տերմինը, որն աշխատում էին չօգտագործել սովետական կինոյի դեպքում): «Կարինեն» դարձավ եվրոպական այդ կինոժանրի հրաշալի օրինակ, դրա ներդաշնակ հայկականացումը և նույնպես մնաց հայ կինոյի լավագույն էջերի շարքում»: Դ. Մուրադյանը «Կարինե» ֆիլմի կարևոր արժանիքն է համարում այն հանգամանքը, որ այս ֆիլմով առաջին անգամ հայ կինո մտավ մեր կորուսյալ հայրենիքի, Արևմտյան Հայաստանի աշխարհը, ինչպես և մեր մայրենիի մյուս ճյուղը՝ արևմտահայերենը: «Դրանից առաջ մեր ֆիլմերում արևմտահայերենը չի հնչել իբրև ֆիլմի լեզու,- գնահատում է կինոգետը:- Հայոց լեզուն՝ իբրև ամբողջականություն, ներկայացավ հայկական կինոյում: Արևմտահայ լեզուն, արևմտահայ մարդուն, նրա կենցաղը, աշխարհը հայկական կինո բերեց Արման Մանարյանը՝ այսպիսով ներկայացնելով հայ մարդու լրիվությունը: Նա ստեղծեց հայկական կինո Արևելյան Հայաստանում՝ այն ժամանակվա գաղափարական, քաղաքական հազար ու մի սահմանափակումների պայմաններում: Եվ ներկայացրեց մի աշխարհ, որն այն ժամանակ տեսնված, նկատված չէր մեր կինոյի կողմից, կարծես չէր էլ եղել»:
Կարևորելով Արման Մանարյանի ուշադրությունն ու նվիրումը հայ գրականության դասական նմուշների հանդեպ՝ Դավիթ Մուրադյանը ռեժիսորական մի ընդհանուր կոմպոզիցիոն շրջանակի մեջ է դիտարկում «Տժվժիկը», «Հեղնար աղբյուրը» և «Ընկեր Փանջունին»: Նաև այս շարքում հիշատակում անհասկանալի պատճառներով չավարտված դասական երկի ևս մեկ էկրանավորում՝ Շիրվանզադեի «Արտիստը»: Շատ քչերին հայտնի մանրամասներն այսպիսին են. առաջին ֆիլմից՝ «Տժվժիկից» հետո Մանարյանը ձեռնամուխ է եղել Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի նկարահանման գործին: Ստեղծվել է ֆիլմի գրեթե կեսը: Բայց այդ ընթացքում մահացել է ֆիլմի բեմադրող օպերատոր Դմիտրի Ֆելդմանը, ինչը դարձել է պատրվակ ֆիլմի աշխատանքները դադարեցնելու համար: «Կարծում եմ,- նկատում է Դ. Մուրադյանը,- որ իրականում այլ հանգամանքներ են գործել: Թեև ֆիլմը ձևակերպվել է որպես գեղարվեստական ձախողում, բայց ենթադրում եմ, որ այն տարիներին այդքան մեծ հաջողությունը պարզապես չէր կարող ներվել: Եվ փորձել են մարդուն «իր տեղը ցույց տալ»: Ինքս չեմ դիտել հատվածները և չգիտեմ՝ դրանք պահպանվա՞ծ են, թե՞ ոչ: Թերևս՝ ոչ»:
Ռեժիսորի ստեղծագործական հետաքրքրությունները ներառում են նաև սոցիալ-հրապարակախոսական թեմաները, որոնց անդրադառնալով՝ Մանարյանը փորձել է մի ամբողջական գեղարվեստական խնդիր իրականացնել՝ դասական գրական արժեքների կողքին արծարծելով օրախնդիր հարցերը: «Նա ձգտում էր ունենալ մի ամբողջական հայացք ժամանակի վրա, որը բաղկացած է երեկվանից և այսօրից: Եվ երեկն ու այսօրը միասին դառնում են ժամանակի ստերեոֆոնիկ ընկալումը գուցե»,- կարծում է Դ. Մուրադյանը: Նա Մանարյան արվեստագետի անհանգիստ հոգու պրպտումների, նորովի ինքնադրսևորվելու պահանջի արգասիքն է համարում մուլտիպլիկացիոն ֆիլմերի ծնունդը և առանձնահատուկ շեշտադրում 80-ամյա ռեժիսորի համար «Սասունցի Դավիթ» ֆիլմի վրա աշխատելու հանգամանքը: Իր խոսքում կինոգետն անդրադառնում է նաև դերասանի նկատմամբ Արման Մանարյանի ցուցաբերած վերաբերմունքին. «Մանարյանին ենք պարտական մեր թատրոնի և կինոյի լեգենդար դերասանների մի շարք դերերի համար, որոնք պարզապես չէինք ունենա, եթե Արման Մանարյանը չնկարահաներ այդ ֆիլմերը: Հիշենք Հրաչյա Ներսիսյանի վերջին դերակատարումը «Տժվժիկում», Արման Կոթիկյանի դերերը: Նաև ուրախ եմ և շնորհակալ, որ իր երկու ֆիլմերում նկարել է հորս՝ Էդվարդ Մուրադյանին՝ կյանքի վերջին տարիներին նրան վերադարձնելով իր մասնագիտությանը: Արման Մանարյանի շնորհիվ այսօր երբեմն-երբեմն էկրանին հանդիպում եմ հորս՝ իր միանգամայն կենդանի ներկայության մեջ: Փոքրիկ անձնական դետալ է, բայց շատ կարևոր (գոնե ինձ համար): Իր պրպտուն աչքով պերսոնաժներ որոնելիս՝ Արման Մանարյանը հիշել է նաև այն դերասաններին, որոնք ասպարեզում չէին այդ տարիներին, բայց որոնք հետաքրքիր կերպար և խառնվածք ունեին: Ընդհանրապես ինքը դերասան սիրող և դերասաններով դրսևորվող ռեժիսոր է: Կան ռեժիսորներ, որոնց համար դերասանը միջոց է, Մանարյանի համար դերասանը նպատակ է»:
Արման Մանարյանին դիտարկելով որպես հայ կինոտարեգրության անցյալի, ներկայի ու վաղվա շարունակականության կրողի՝ Դ. Մուրադյանը հանգում է հետևյալ բնութագրումին. «Կինոն, արվեստը, գրականությունը պիտի իրենց նահապետներն ունենան: Այսպես է արժեհամակարգ ձևավորվում: Երբեմն նոր ասպարեզ ելած մարդկանց թվում է (կամ գուցե նրանք ենթագիտակցաբար շատ են ցանկանում), թե պատմությունն սկսվում է իրենցից՝ զրոյական կետից, առանց հասկանալու, որ այդպիսով իրենք իրենց են զրոյացնում, համարում զրո: Եթե մենք «պլյուս» նշանով ենք ապրում, ապա Արման Մանարյանի մարդկային ներկայությունն արդեն մեծ հարստություն է մեր այսօրվա մտավոր կյանքում, մասնավորապես կինոկյանքում՝ իր ամբողջ անցած ճանապարհով, ժառանգությամբ: Այսպես է լինում, արվեստագետն ինքն էլ է, ի վերջո, դառնում մշակութային արժեք: Բացի այն, որ ինքը ստեղծում է մշակույթ, հետո էլ կամաց-կամաց իր անձն է վերածվում մշակութային արժեքի, մշակութային երևույթի»:
Մշակութային բովանդակությամբ առլեցուն 80 տարիների վաստակի, արվեստի բացառիկորեն բազմաբնույթ ու միաժամանակ յուրատիպ որակի, էպոսաթռիչ երևակայության սպասվող առկայծումի հանդեպ խոնարհումով «Իրավունքը de facto»-ն շնորհավորում է Արման Մանարյանին հոբելյանի առթիվ՝ մաղթելով, որ տևական ու բեղուն լինեն նրա ստեղծագործ երկնումները հայ կինոյի տարեգրության մեջ, ու որ նա դեռ երկար չլքի կինոուղեծրի՝ բոլորիս համար սիրելի դարձած իր տիրույթները:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6292

Մեկնաբանություններ